South Caucasus
Հայաստանի վերաբերյալ Ռուսաստանի գաղութատիրության քաղաքականության մասին քննարկումները Գերմանիայում
Հայաստանի վերաբերյալ Ռուսաստանի գաղութատիրության քաղաքականության մասին քննարկումները Գերմանիայում
Ինչպե՞ս է Ռուսաստանը շարունակում իր գաղութատիրական քաղաքականությունը Հայաստանում։ Ի՞նչ նարատիվներ է այն օգտագործում։ Ինչպե՞ս է Հայաստանը դասավանդում իր խորհրդային անցյալը դպրոցներում։ Այս և հարակից հարցերին պատասխանելու նպատակով, Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի աջակցությամբ 2025 թվականի մայիսին Էդգար Վարդանյանը, Միքայել Զոլյանը և «Պարադիգմա» կրթական հիմնադրամից Նարեկ Մանուկյանը այցելեցին Բեռլին, Պոտսդամ և Ֆրանկֆուրտ (Օդեր) քաղաքները։ Հետազոտողներին ուղեկցում էր ՖՆՀ Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Կատրին Բաննախը։ ՖՆՀ Հայաստանը արդեն մի քանի տարի է, ինչ համագործակցում է Էդգար Վարդանյանի, Միքայել Զոլյանի և «Պարադիգմա» կրթական հիմնադրամի հետ։ Էդգար Վարդանյանն ու Միքայել Զոլյանը՝ ժողովրդավարության, ազգայնականության, պրոպագանդայի և գաղութատիրության թեմաների շուրջ աշխատող փորձագետներ են, ովքեր ՖՆՀ Հայաստանի հետ համագործակցությամբ հեղինակել են մի շարք հրապարակումներ։ «Պարադիգմա» կրթական հիմնադրամի հետ համատեղ իրականացվել են մի շարք նախագծեր՝ ուղղված պատմության այլընտրանքային ուսուցման մեթոդների կիրառմանը։
ՖՆՀ Հայաստանը՝ համագործակցելով Էդգար Վարդանյանի, Միքայել Զոլյանի և «Պարադիգմա» կրթական հիմնադրամի հետ, մշակել է հետազոտություններ, որոնք պատասխաններ են տալիս վերոնշյալ հարցերին։ Առաջին հետազոտությունը՝ «Ռուսական գաղութատիրության դիսկուրսը Հայաստանի վերաբերյալ», անդրադառնում է Ռուսաստանի և Հայաստանի միջև բարդ հարաբերություններին՝ ընդգծելով նախկինի գերիշխանության քաղաքականությունը, որն այսօր էլ փորձում է ուրվագծել, թե ինչպես պետք է գործի Հայաստանը։ Այս հետազոտությունն իրականացվել է Էդգար Վարդանյանի և Միքայել Զոլյանի կողմից։ Հաջորդ ուսումնասիրությունը՝ «Խորհրդային Ռուսաստանի ուսուցումը», իրականացվել է «Պարադիգմա» կրթական հիմնադրամի կողմից և կենտրոնանում է Հայաստանի պատմության դասագրքերում խորհրդային անցյալը ներկայացման մոտեցման վրա։ Ուսումնասիրությունը ներկայացնում է ինչպես նախկին խորհրդային 14 հանրապետությունների անցած ուղին խորհրդային անցյալի դասավանդման հարցում, այնպես էլ Հայաստանի ուսուցման փոփոխության դինամիկան վերջին երեսուն տարիներին։
Մայիսի 19-ին Բեռլինում տեղի ունեցավ փորձագիտական կլոր-սեղան։ Սեղանի ընթացքում Էդգար Վարդանյանը, Միքայել Զոլյանը և Նարեկ Մանուկյանը խոսեցին Ռուսաստանի գաղութատիրական քաղաքականության, Հայաստանի պատմության ուսուցման քաղաքականության և հատկապես՝ խորհրդային անցյալի վերաբերյալ դասավանդման մասին։ Սա լավ հնարավորություն էր անդրադառնալու Ռուսաստանի դերին հետխորհրդային տարածքում, վերջինիս դիսկուրսիվ քաղաքականություններին։ Մոտ տասնհինգ փորձագետ մասնակցեց քննարկմանը։ Բացի այդ, հայկական պատվիրակությունն իր հետազոտությունները ներկայացրեց Պոտսդամի համալսարանում, ինչպես նաև Ֆրանկֆուրտի (Օդեր) Եվրոպական Վիադրինա համալսարանում։ Նրանք առանձին հանդիպումներ ունեցան նաև մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և վերլուծական կենտրոնների հետ։
Այցը ցույց տվեց, որ Ռուսաստանի գաղութատիրական քաղաքականության համատեքստում հայկական փորձը նմանություններ ունի այլ հետխորհրդային երկրների հետ, օրինակ՝ Ուկրաինայի, Վրաստանի և այլն։ Սա նշանակում է, որ Ռուսաստանի քաղաքականությունն ամբողջ հետխորհրդային տարածքում գաղութային մոտեցման տեսակետից նույնական է, և արժե քննարկել դրա դրսևորումները, ինչպես նաև դրա դեմ պայքարի հնարավոր մեթոդները։